Աղիտուի հիմնական դպրոց

Մեր դպրոցը

ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու համայնքում գործել է տարրական կրթության դպրոց` հիմնադրվել է 1990թ -ի սեպտեմբերին: Սեպտեմբեր ամսից Հրայր Դերիկի Ֆիլիպոսյանը նշանակվել է Աղիտուի տարրական դպրոցում` որպես վարիչ: Աշխատանքը շարունակել է Արևիկ Գասպարյանը: Դպրոցն անցյալից ոչինչ չի ժառանգել, անգամ շենքային պայմաններ չկային:
2002 թ-ին շահագործվել է աշակերտական 100 տեղով նոր դպրոցական շենքը: Չնայած շենքային պայմաններին, մինչ օրս դպրոցը չունի մարզադահլիճ:
1993թ-ին դպրոցը ստացել է 8- ամյա դպրոցի կարգավիճակ` տնօրեն է նշանակվել Ս. Բլբուլյանը: Համագործակցելով “World Vision” միջազգային կազմակերպության հետ, 2014թ-ին նրանց միջոցներով ձեռք են բերվել ուսուցչական աթոռներ, գրատախտակներ և համակարգիչ:
2015 հունիս ամսին դպրոցի տնօրեն է ընտրվել Ս. Շահնազարյանը: 2015թ-ից սկսած բեկումնային եղավ դպրոցի համար: Նոր շնչով և ոգևորությամբ սկսեց ծաղկել դպրոցը: Դպրոցն ակտիվորեն սկսեց մասնակցել միջդպրոցական և մարզային օլիմպիադաների և մրցույթների: 2017 թ-ին իրականացնելով ծրագրեր` դպրոցն ունեցավ նաև կամավոր(ԱՄՆ), որի մուտքը դրականորեն ազդեց աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի վրա:
I- IV դասարանների աշակերտների համար դպրոցն ապահովում է տաք սնունդ: Միջոցառումներ, մրցույթներ, դասախոսություններ, քննարկումներ և ցերեկույթներ կազմակերպելիս` դպրոցն ակտիվորեն համագործակցում է Աղիտուի զինվորական հոսպիտալի հետ: Դպրոցում աշխատում են բարեփոխումների անհրաժեշտությունը գիտակցող, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող, մեթոդական զինանոցով օժտված ուսուցիչներ, ովքեր պատրաստակամորեն և բարեխղճորեն աշխատում են յուրաքանչյուր աշակերտի հետ` գնալով անհատականացված, աշակերտակենտրոն ուսուցման հետքերով: